«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մի նկարի պատմություն

Մի նկարի պատմություն
24.04.2025 | 16:30

Սկիզբը` այստեղ

(Պողոսյանների մասին)

Հայրս պատմում է, որ մոտ տասնչորս - տասնհինգ տարեկան տղա է եղել, երբ մի օր երեկոյան, մեկը թակել է իրենց դուռը։ Եկվորները եղել են պապիկիս փրկած մարդու մեծ որդին՝ փոքր եղբոր հետ։ Նրանք պատմել են, որ մեծ եղբայրը Սիրիայից է գալիս, Հալեպ քաղաքից և լավ լուր ունի։ Գտնվել է Պողոսյանների ընտանիքը, նրանք ողջ են մնացել և բավականին կայացած և հարուստ մարդիկ են՝ հարգված և սիրված սիրիահայության կողմից։

Հալեպում լրիվ պատահական տեսնում է հայրիկիս հորեղբոր տղային, որը, ասում է, այնքան է նման եղել պապիկիս, նաև՝ հորս, որ մի պահ քարացել է, հետո հիշելով Պողոսյանների ընտանիքի հետ կատարվածը, շտապել է այդ մարդու մոտ և հարցրել, թե պատահաբար նրա ազգանունը Պողոսյան չէ՞։ Այդ մարդը պատասխանել է, որ՝ այո, Պողոսյան է, բայց ինչո՞ւ է հարցնում։ Դե, արդեն սկսել է պատմել ամեն ինչ, և պարզվել է, որ վերջապես գտնվեցին Պողոսյանները, որոնց այսքան տարի փնտրում էին։

Հրավիրել են տուն, ծանոթացրել մեծ եղբայրների հետ, փողոցում հանդիպածը ամենակրտսեր որդին է եղել, նկարի փեսան, որը, իսկապես, Հայրիկիս է շատ նման։ Ցավոք, Պողոսյանների ծնողներն արդեն մահացած են եղել, բայց եղբայրները շատ են ուրախացել, որ գտել են իրենց հորեղբոր ընտանիքին, նրանք խոստացել էին մեծ ծնողներին՝ պապին և տատին, որ չեն դադարի փնտրել Արամին, մինչև որ չգտնեն կամ տեղեկություն չստանան։ Պատմել են, որ պապն ու տատը հոգիները ավանդել են «Արամս» անունը շուրթերին…

Լուր բերող մարդն ասել է տատիկիս, որ այսուհետ մտածելու բան չունի. միայն տեսնեիք նրանց ուրախությունը, որ իմացան ձեր մասին, միայն տեսնեիք նրանց վայելուչ տեսքը, կայացած մարդիկ են, ձեր ընտանիքի կյանքը մեկընդմիշտ կփոխվի, քանզի Պողոսյանները կօգնեն ամեն հարցում…

Եվ թեև այդ օգնության կարիքը իսկապես շատ ունեին նրանք, բայց դա չէր ուրախացրել նրանց, այլ հարազատներին գտնելու փաստը։ Հայրս ասում է՝ միշտ երազում էի, որ հայրս մահացած չլիներ և հետ գար և շատ էի զգում կարիքը և հիմա իրեն երջանիկ է զգացել, որ եղբայրներները գտնվել են, այլևս իրեն որբ և միայնակ չի զգա… Նա շատ ընդունակ երեխա է եղել, դպրոցում սովորել գերազանց և հետն էլ աշխատել է, որպեսզի օգնի մորը, և նա ստիպված չլինի առաջվա նման շատ աշխատել։

Նրանք տալիս են մի նամակ, որտեղ սրտագին խոսքեր են եղել գրված այն մասին, որ ցավում են, որ Արամը վաղարժամ մահացել է, բայց անսահման ուրախ են, որ նրա ընտանիքից լուր են ստացել և այսուհետ կապի մեջ կլինեն, միչև ստացվի գալ և տեսնվել։ Դժվար ժամանակներ էին, և ԽՍՀՄ գալը դժվար էր, դուրս գալը՝ նույնպես։ Խնդրել են՝ նշված հասցեով նամակ ուղարկել, այսպես կապ պահպանել, միչև ստացվի տեսնվել։

Հաջորդ օրը հայրս իր ձեռքով նամակ է գրում, և մոր հետ տանում են փոստի աշխատակցուհուն տալիս, որ ուղարկի։ Այդ կինը տատիկիս ծանոթ է եղել, տատս սկսել է պատմել ողջ եղելությունը և խնդրել, որ հենց նամակ գա, անպայման տեղյակ պահեն իրենց։ Տատս, լինելով շատ միամիտ կին, նամակը ևս թողել էր այդ կնոջ մոտ, որը հետո, երբ հայրս խնդրել է հետ վերադարձնել, ասել է, որ կորցրել է, երբ գտնի, կվերադարձնի։ Բայց այդպես էլ չի վերադարձրել։

Անցնում է բավականին ժամանակ, և մի օր փոստի աշխատակցուհին՝ Գյարան անունով այդ կինը, կանչում է տատիկիս և Հորս, մի նամակի տակ ստորագրել տալիս և նկար ուզում, որ ուղարկի հարազատներին։ Դե, տատս և հայրս նկարվել են և հարցրել, թե ինչի՞ համար է պետք, նամակի պատասխանը եկե՞լ է։ Պատասխանը եղել է, որ՝ ոչ, ոչ մի նամակ էլ չկա, իսկ նկարը պետք է, որովհետև ուզում է նոր նամակ գրել և արդեն՝ նկարով, որ տեսնեն և հորս՝ Հրաչի և Արամի նմանությունից հավատան, որ իրոք, ազգականներ եք։ Տատս շնորհակալություն է հայտնել և հույս փայփայելով՝ մայր ու որդի վերադարձել են տուն։

Շատ ժամանակ է անցել, բայց՝ ոչ մի լուր։ Հայրս ասում է՝ ամեն շաբաթ օր գնում և նամակ էի հարցնում, բայց այդ կինը միշտ շատ կոպիտ պատասխանել է, թե չկա նամակ և զուր էլ սպասում է։ Հետո մի անգամ տատիս հետ են գնացել, բայց նորից նույն պատասխանը և այս անգամ ասել է, որ այլևս չգան և չանհանգստացնեն, որ մի լուր լինի, տեղյակ կպահի…

Պապիկիս փրկած մարդիկ էլ տունը վաճառել և գնացել են, չեն էլ ասել՝ ուր, և նրանց հետ էլ է կապը կտրվել, դա ևս տանջել է հայրիկիս, քանզի նրանք միակն էին, որ տեսել էին հարազատներին։ Բայց մեկ է, հույս է ունեցել, որ մի օր անպայման կտեսնեն իրար…

Անցնում է մի քանի տարի, հայրս արդեն 17-18 տարեկան է եղել, և ահա աշնանային մի ցուրտ օր՝ գիշերվա ուշ ժամի, հանկարծ մեկը արագ ծեծում է նրանց դուռը։ Դրսում էլ հորդ անձրև և ամպրոպ է եղել, հայրս մտածել է, թե երևի մի անծանոթ է, որ օթևան է ման գալիս։ Շտապ բացում է դուռը և զարմացած մնում. դուռը ծեծողը Գյարանի մեծ տղան է եղել։ Նա, հորս տեսնելուն պես, բռնել է ձեռքից և խնդրել՝ շտապ գնա իրենց տուն։ Հորս հարցին, թե ի՞նչ է պատահել, ասել է՝ մայրս մահամերձ է և քեզ է կանչում։

Հայրս, իհարկե, ոչինչ չի հասկացել, բայց ստիպված է եղել այդ վատ եղանակին, ուշ գիշերով գնալ մահամերձ Գյարանի տուն։ Նրան տեսել է շատ ավելի վատ վիճակում, քան կարծում էր։ Տեսնելով հորս, այդ կինը ճիգ հավաքելով՝ նստում է և սկսում լացել և ներողություն խնդրել։ Խեղճ հայրս էլ ավելի է շփոթվել, չի հասկանում՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ է այդ կինը ներողություն խնդրում, և ահա նա սկսում է խոսել, ասում է, որ հայրիկիս ստել է և նրանից թաքցրել ճշմարտությունը։ Որ հորս բարեկամների հետ ահագին ժամանակ կապի մեջ է եղել, ներկայանալով, որպես հայրս կամ տատս, նրանք մեծ գումարներ են ուղարկել, ինքն էլ է շատ բաներ խնդրել և նրանք միշտ կատարել են նրա բոլոր խնդրանքները։ Նրանք սրտագին խոսքերով նամակներ են ուղարկել, իսկ ինքը այրել է նամակները և ոչինչ չի տվել հայրիկիս, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի։ Բայց մի նկար չի կարողացել այլել և խնդրել է հարսին, որ իրեն բերի այնինչ տեղից մի շորով փաթաթած իր։ Հարսը գտնում բերում է, նա դողացով ձեռքերով այդ նկարը տալիս է հորս և ասում, որ նկարում հորս հորեղբոր որդիներն են, և սկսում աղեկտուր լացել և նորից ներողություն խնդրել։ Ասել է, որ. «որքան ժամանակ է անմարդկային ցավ է քաշում, բայց չի կարող հոգին ավանդել, այս գործած մեղքը տանջում է, Աստված էլ չի վերցնում հոգիս, ահա հիմա խոստովանեցի և թող Տերը ազատի ինձ այս տանջանքից»։ Հետո էլի ինչ-որ բաներ է մրմնջացել, թե գրել է, թե իբրև մահացել է, բայց հայրս չի էլ հասկացել՝ ի՞նչ է ասում, ո՞վ է իբրև մահացել, ո՞ւմ է գրել… Այդ անհասկանալի խոսքերը մրմնջացել և տեղնուտեղը Գյարանը մահացել է՝ թողնելով հորս մի նկար և շատ հարցեր, որոնց պատասխանը երբեք էլ չենք իմանա…

Ահա և այս նկարի պատմությունը։ Այն մեր ընտանեկան ալբոմի ամենառաջին նկարն է եղել և մեր բոլորի համար մի անգնահատելի թանկ պատկեր։ Մեր հարազատների գեղեցիկ դեմքերին նայելիս և՛ ցավ, և՛ ուրախություն էինք զգում, իսկ փոքր տղան հայրիկիս այնքան է նման, որ ուղղակի զարմանալի է, սիրում էինք նրանց անհուն սիրով, առանց տեսնելու…

Հայրս մանկուց մեզ պատմում էր Եղեռնի մասին, թուրքերի հանդեպ մի անասելի ատելություն ուներ, թեպետ ինքը էությամբ բարության մարմնավորում էր։ Մեզ արգելում էր մի թուրքերեն խոսք օգտագործելը, որը ցավոք կա մեր հայրենում, չէր գնում թուրքական ապրանքներ կամ սնունդ և այն փոխանցվել է ինձ։ Իմ հայրենասիրությամբ, իմ մարդ տեսակով պարտավոր եմ հայրիկիս։ Նա էլ, ցավոք, այլևս մեզ հետ չէ, բայց ես հույս ունեմ, որ գտնելու եմ հորս հարազատներին… Առաջ Աստված:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարում՝ իրար երբեք չտեսած, բայց իրար շատ նման Պողոսյաններն են

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ